Բաքվում որոշել են փակել իբր «հայերի կողմից սպանված» ադրբեջանցի տղայի մասին գործը

Բաքվում որոշել են փակել իբր «հայերի կողմից սպանված» ադրբեջանցի տղայի մասին գործը

PanARMENIAN.Net - Բաքվում որոշել են արագ լուծում տալ իբր «հայ դիպուկահարի կողմից սպանված» 9-ամյա Ֆարիզ Բադալովի մասին գործին. ըստ երևույթին, անհիմն մեղադրանքն ու կեղծված գործն ադրբեջանական կողմին ցանկալի արդյունք չտվեց: Ադրբեջանի իրավապահ մարմինները «չկարողացան պատասխանատվության ենթարկել փոքրիկ Ֆարիզ Բադալովի մարդասպանին», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հետաքննությունը, իբր, ապացուցել է, որ «Ֆարիզ Բադալովի սպանությունը կատարվել է Հայաստանի Զինված ուժերի կողմից: Բայց քանի որ հանցագործությունը կատարած անձանց պատասխանատվության ենթարկելն օբյեկտիվ պատճառներով անհնար է, քրեական գործի վարույթը դադարեցվել է»:

Մարտի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ «հայկական զինված ուժերն ադրբեջանցի երեխա են սպանել»: Ընդ որում, նույն այդ ադրբեջանական ԶԼՄ-ները երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել` 8-ամյա, թե 10-ամյա տղա է սպանվածը` Օրտա-Քարվենդ գյուղի բնակիչ Ֆարիդ Բադալովը, որոշ ԶԼՄ-ներ խոսում են դեռահասի մասին:

Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը հանդես եկան համատեղ մեկնաբանությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը սահմանային Օրթա Քարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին: Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր նկատել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում: Մարտի 10-ին ԵԱՀԿ առաքելության կողմից նշված վայրում դիտարկում անցկացնելու ժամանակ ղարաբաղյան կողմը դիտարկման խմբի անդամների ուշադրությունը հրավիրել էր հետևյալի վրա. ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնային դիրքերից մինչև Օրթա Քարվենդ գյուղն ընկած հեռավորությունը կազմում է 1400-1500 մետր, այսինքն, տվյալ դեպքում անհնար է, որ ՍՎԴ դիպուկահար հրացանից նշանառու կրակով արձակված գնդակը հասներ թիրախին: Նշված հատվածի ռելիեֆը թույլ չի տալիս ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դեպի հակառակորդի կողմը նշանառու կրակ բացել, քանի որ վերջինս ունի բարձր դիրքային առավելություններ:

Հավաստի աղբյուրների համաձայն, Օրթա Քարվենդից ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն առավել դիպուկ գնդակոծելու նպատակով ադրբեջանցի զինծառայողները բարձրանում են տների տանիքները: Սովորաբար սահմանային գոտու գյուղերում մարդիկ բնակություն են հաստատում ոչ թե առաջնային, այլ միջին կամ ետին գոտում ` բնակավայրի առավել պաշտպանված մասում: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից դատելով` Օրթա Քարվենդում ամեն ինչ ճիշտ հակառակն է, և բակերը, որտեղ չգիտես ինչու, առաջնային գծին հնարավորինս ավելի մոտ են տեղակայված:

Անգամ եթե այդ երեխան գնդակից է մահացել, ապա դեռ պետք է ապացուցել, թե ով և որ կողմից է կրակել: Չի բացառվում, որ հնարավոր է` Ֆարիզ Բադալովը դարձել է Օրթա Քարվենդ և Շխլար գյուղերի միջև գտնվող ադրբեջանցի դիրքապահների կողմից արձակված կրակի զոհը:

Չի բացառվում նաև, որ հնարավոր է` երեխան մահացել է չպայթած զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչը հաճախ է պատահում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի երկու կողմերում էլ: Եթե կրակոցը արձակվել է ոչ թե ուղիղ նշանակետին, այլև բարձր անկյան տակ, ապա տվյալ դեպքում սովորական հրազենից արձակված գնդակը չէր կարող այդքան հեռու հասնել: Նման հեռավորության վրա կարող են կրակել միայն խոշոր տրամաչափի գնդացիրները: Սակայն, ինչպես նշվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում, երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Եթե կրակեին խոշոր տրամաչափի զենքից, ապա երեխայի գլուխը պարզապես ցրիվ կտար:

Ցավոք, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում և ոչ մի մեթոդից` շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը: Հայկական կողմերի համար խորթ են Ադրբեջանի կողմից կիրառվող ֆաշիստական մեթոդները` երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելը, դիվերսանտներին ու ահաբեկիչներին ազգային հերոսներ դարձնելը և այլն:

Ամեն անգամ պետությունների ղեկավարների հանդիպումներից հետո կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցից առաջ, ադրբեջանական քարոզչամեքենան թեժացնում է լարվածությունը շփման գծում: Հերթական օրինակ է դարձել ս.թ. մարտի 10-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Արթուր Աղաբաբյանի մահը: Ընդ որում միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումից համարյա անմիջապես հետո: Դա վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է: Այն ժամանակ, երբ միջնորդները, հայկական կողմերի նախաձեռնությամբ, հերթական անգամ առաջարկում են առաջնային գծից հեռացնել դիպուկահարներին, պաշտոնական Բաքուն ոչ միայն ուղեփակում է վերոնշյալ նախաձեռնությունը, այլև սաստկացնում է դիպուկահարային պատերազմը և իր սադրիչ գործողություններով զրոյի է հասցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Համաշխարհային հասարակայնությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները և նրա դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառի»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---