27 հունիսի 2011 - 21:17 AMT
Վրաստանի իշխանությունները ցանկանում են, որպեսզի երկիրը «Ջորջիա» անվանեն

Վրաստանի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են անում այժմ երկիրը «Ջորջիա» անվանել (երկրի անգլալեզու տարբերակը): Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն: «Մենք վաղուց ենք հանդես եկել այդ նախաձեռնությամբ և պաշտոնական գրավոր խնդրանքով դիմել ենք շատ երկրների, որպեսզի փոխենք «Վրաստան» պետության անվանումը և պաշտոնապես երկիրը կոչենք անգլերեն «Ջորջիա» անվանմամբ»,- ասել է Կալանդաձեն, հաղորդում է «GHN»-ը: Ընդ որում, նա հաղորդել է, որ այդ խնդրանքին առաջինն արձագանքել է Կորեան, որտեղ արդեն անվանումը փոխարինվել է անգլալեզու տարբերակով, ընդգծել է Կալանդաձեն:

«Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Կորեայի որոշումը, քանի որ մեր շատ բարեկամներ և կողմնակիցներ, չնայած բազմաթիվ խոստումներին, առայժմ չեն կարողանում իրականացնել դա: Թեև մենք հասկանում ենք, որ երկրի անվան փոփոխությունը կապված է տեխնիկական և ֆինանսական խնդիրների հետ»,- ավելացրել է ԱԳ փոխնախարարը: