Մանուկ Վարդանյանը և Ժան Միշել Հապին քննարկել են 40 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիրը

Մանուկ Վարդանյանը և Ժան Միշել Հապին քննարկել են 40 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության կողմից որպես առաջնահերթություն ճանաչված գյուղատնտեսության զարգացմանն ուղղված վարկային ծրագրի տրանսպորտային խնդիրներին առնչվող հարցեր: Ժան Միշել Հապին նշել է, որ ներկայումս տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված` հիմնականում սոցիալական ծրագրերից անցում է կատարվում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը` ուղղակի աջակցություն ֆերմերներին, ոռոգման համակարգերի ու ենթակառուցվածքների բարելավում, ինչը ենթադրում է նաև որակյալ ճանապարհների առկայություն:Այդ համատեքստում քննարկվել է կենսական ճանապարհների բարելավմանն ուղղված 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային ծրագիրը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Կարևորելով գյուղական ճանապարհների դերը գյուղատնտեսության զարգացման գործում, Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ նախարարության կողմից իրականացվում են ճանապարհների ուսումնասիրություններ` հատկապես լեռնային և հեռավոր գյուղերի համար գրունտային ճանապարհների կառուցման հնարավորության տեսակետից: Նախարարը միաժամանակ նշել է մայրուղիների ծրագրի` մասնավորապես, տարածաշրջանային նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի և դեպի Վրաստանի սահման տանող երկու մայրուղիների, ֆինանսավորման անհրաժեշտությունը, ինչի վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Համաշխարհային բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ: Քննարկվել են նաև նախագծման, ճանապարհային նոր տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման խնդիրներ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի ավտոկայանների կոնցեսիայի կազմակերպմանն ու իրականացմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցին ևս, որը, ըստ ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարի, ներկայումս քննարկվում է Համաշխարհային բանկում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---