Ադրբեջանը սատարում է Պաղեստինի անկախության ճանաչմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ բանակցությունների ավարտին: «Մենք գտնում ենք, որ առաջիկայում պետք է ստեղծվի անկախ, ինքնիշխան Պաղեստինի պետություն, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Սա է մեր դիրքորոշումը, որը մենք պաշտպանում ենք և պաշտպանելու ենք բոլոր միջազգային ատյաններում: Մի կողմից դա մեր եղբայրական պարտքն է, մյուս կողմից՝ այդ դիրքորոշումը ձևավորվել է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,-ասել է Ալիևը:
Իր հերթին Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Պաղեստինը ընդհանուր խնդիրներ ունեն՝ ասելով թե իբր «ադրբեջանական հողերը զավթված են: Ըստ Աբբասի, «վերջին շրջանում մենք հետևել ենք Կազանի հանդիպմանը: Հետևել ենք Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ դիրքորոշումներին այդ խնդրի լուծման հարցում: Եվ դա ցույց է տալիս, որ աշխարհը հետաքրքված է այդ խնդրով: Բայց մենք ասում ենք, որ ավելի լավ է լուծել խնդիրն այսօր, քան վաղը: Քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ խնդիրները վաղը կլուծվեն: Մեր ցանկությունն է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, լուծվի փախստականների հարցը: Մենք ընդհանուր խնդիրներ ունենք: Մենք ցանկանում ենք, որ դրանք լուծվեն: Ցանկանում ենք, որ այդ հողում խաղաղություն հաստատվի, որ աշխարհի ժողովուրդները խաղաղ ու հանգիստ ապրեն»,-ասել է Աբբասը, հաղորդում է Trend-ը: