Վայոց Ձորի մարզի հիմնական խնդիրներից մեկը ներդրումների անբավարար ծավալն է

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 30-ին Վայոց Ձորում կայացած արտագնա նիստում քննարկել և հավանության է արժանացրել 2011-ի 5 ամիսների Վայոց Ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությունը, ինչպես նաև իրագործվող ծրագրերը և միջոցառումները, որոնք ներկայացրել է մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Մարզում բնակվում է 55 900 մարդ, որոնցից 36 500-ը` գյուղաբնակներ: Մարզն ունի 44 համայնք, որոնցից 3-ը` քաղաքային, 41-ը` գյուղական, 12-ը` հեռավոր, 7-ը` բարձրադիր, 13-ը` լեռնային: Մարզը գտնվում է սեյսմիկ գոտում և մշտապես ենթարկվում ռելիեֆային ցնցումների:

Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից մարզին առավել բնորոշ են ուժեղ կարկուտները, ուժեղ քամիները, ցրտահարությունները, գարնանային հեղեղումները և սելավները: Մարզի գեղատեսիլ վայրերում տեղակայված են առողջարաններ, հյուրանոցներ, հանգստյան տներ։ Բնության յուրատեսակ հրաշք է Ջերմուկի առողջարանային համալիրը՝ իր հանգստյան գոտիներով, տաք ջրերով, 60 մ բարձրությունից թափվող ջրվեժով։Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը, որն էական դերն ունի մարզի տնտեսության հեռանկարային զարգացման գործում։

Վայոց ձորը գյուղատնտեսական մարզ է։ Գյուղատնտեսության գլխավոր ուղղությունը անասնապահությունն ու այգեգործությունն է։ Մշակում են նաև հացահատիկ, ծխախոտ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ։ Մարզի տարածքը հարուստ է հանքային ջրերի, ապակու հումքի (կվարցային ավազ), ներկերի, պիգմենտների, ոսկու, կապարի, կրաքարի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, մարմարի պաշարներով։ Մարզը շատ հարուստ է նաև դեղաբույսերով։ Վայոց ձորի մարզում առկա հիմնահարցերից առավել առաջնային են գյուղատնտեսական մթերքների վերամշակաման, աշխատատեղերի ավելացման, գործազրկության կրճատման և սոցիալական պաշտպանության հիմնահարցերը: Առողջապահության ոլորտում ուշագրավ է հանգամանքը, որ մարզը նվեր է ստացել շտապ օգնության չինական 4 նոր մեքենա:

Գարնան ընթացքում բնական աղետների հասցրած վնասը կազմել է 873 մլն դրամ: 5 ամիսների ընթացքում արտադրվել է 2441.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 0.9 տոկոսը: Մեծ մասը բաժին է ընկնում գինեգործությանը և հանքային ջրերի արտադրությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---