Հայաստանի հիվանդանոցներում կստեղծվեն բուժսպասարկման նոր մեխանիզմներ

Հայաստանի հիվանդանոցներում կստեղծվեն բուժսպասարկման նոր մեխանիզմներ

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է բուժսպասարկման նոր մեխանիզմներ, ավելի դյուրին դարձնելու քաղաքացիների բուժսպասարկումը, այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նա մասնավորապես նշեց հիվանդանոցներում վճարման կարգը, որը դժգոհության տեղիք է տալիս: Ըստ Քրմոյանի, մարդիկ դժգոհում են իրենցից ավելորդ գումար գանձելու համար, չնայած դրանք, ըստ Քրմոյանի, ոչ թե ավելորդ, այլ լրացուցիչ ծառայություն մատուցելու համար են: «Մենք նախատեսում ենք հիվանդանոցների առաջին հարկերում ստեղծել տեղեկատու, որտեղ հիվանդին կբացատրվի հիվանդանոցի կարգը», ասաց Քրմոյանը: Քրմոյանը լրացուցիչ ծառայություններ ասելով նկատի ունի հիվանդի հարազատի գիշերելը հիվանդանոցում, սնունդը և այլն: Ինչ վերաբերում է ծննդատներում 2000 դրամ այցելության գումար գանձելուն, ապա Քրմոյանի հավաստմամբ դրանք անհրաժեշտ են խալաթների և միանգամյա ցելոֆանե ոտնամանների տրամադրման համար: Բացի տեղեկատուից, հիվանդանոցներում կկախվեն հատուկ վահանակներ, որտեղից հիվանդը և այցելուն կծանոթանան հիվանդանոցային կարգին: Քրմոյանը նաև հավելեց, որ հասարակությունը չպետք է վճարի վերելակավարին կամ նման ծառայությունների համար: Նա խորհուրդ է տալիս հիվանդանոցում գումար մուծելիս պահանջել կտրոն, որպեսզի բողոքելիս ապացույցներ ունենա, որ վճարել է:

Այս խնդիրները կարգավորելու համար 2 ամիսների ընթացքում կստեղծվի կառավարման խորհուրդ, որը կզբաղվի հիվանդանոցների ֆինանսական, վարքագծային և կազմակերպչական հարցերով: Խորհրդի անդամներ կդառնան բժիշկներ, ՀԿ-ների անդամներ և հարկային մարմիններ: Ինչ վերաբերում է Արցախյան ազատամարտիկների բողոքներին, որ նրանք չունեն որևէ արտոնություն, ապա Քրմոյանի խոսքերով նրանք կարող են դիմել նախարարություն, և այդ բողոքը կքննարկվի:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---