Մ. Սարյանի «Պարսկաստան» նկարը վերականգնման փուլում է

PanARMENIAN.Net - Մարտիրոս Սարյանի 1913թ-ին ստեղծած «Պարսկաստան» նկարը, որտեղ պատկերված է դրվագ պարսկական կենցաղից, վերականգնվում է: Ինչպես լրագրողներին հայտնեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, նկարը վնասվել էր դեռ նկարչի կենդանության օրոք, ջեռուցման խողովակի վթարի հետևանքով: Նկարի զգալի մասը` ըստ վերականգնող մասնագետի, ջրից քայքայվել էր:

Նկարը լրագրողների դատին հանձնվեց առաջին փուլի` ներկաշերտի ամրակայումից հետո: Ինչպես նշեց Ռուզան Սարյանը, նկարը պատկերված է տեմպերա ներկով, սակայն փորձ է արվել վերականգնել յուղաներկով: Ո±վ է փորձել «վերականգնել» և երբ` իբր հայտնի չէ: 15-20 րոպե տևողությամբ ասուլիսում այդպես էլ չներկայացվեց, թե որքան գումար է ծախսվել և ծախսվելու նկարը վերականգնելու համար: Միայն Միլանի հայկական մշակույթի փաստագրման և ուսումնասիրման կենտրոնի վերանորոգման բաժնի ղեկավար Գայանե Կազնատին հայտարարեց, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվել է 5000 եվրո: Անհայտ է նաև նկարի վերականգնողական աշխատանքների ավարտը, մյուս վնասված և վերականգնման կարիք ունեցող նկարների քանակը: Վերականգնման աշխատանքները սկսել են հունիսի 25-ին: Նկարը Մ. Սարյանի տուն-թանգարանի բացման օրվանից գտնվում է այնտեղ:

Նկարի վերականգնողական աշխատանքներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության «Պիլոտային ծրագրի» համատեղ ուժերով: Նկարի վերականգնման աշխատանքները համակարգում է Միլանի հայկական մշակույթի փաստագրման և ուսումնասիրման կենտրոնի վերանորոգման բաժնի ղեկավար Գայանե Կազնատին, վերականգնում են իտալացի վերականգնող նկարիչ Լուչիանա Բիլիոտին և Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնող նկարիչներ Հայկ Ամիրպանյանն ու Արամ Մաթևոսյանը:

Միլանի հայկական մշակույթի փաստագրման և ուսումնասիրման կենտրոնը զբաղվում է նաև Մարմաշենի եկեղեցու, Քոբայրի վանական համալիրի և Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնմամբ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---