Բաքուն ուսումնասիրում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նախագահ Մեդվեդևի առաջարկները

Բաքուն ուսումնասիրում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նախագահ Մեդվեդևի առաջարկները

PanARMENIAN.Net - Բաքուն ուսումնասիրում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկները, որոնք փոխանցել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք նախագահ Մեդվեդևի առաջարկները և դրանց հանգամանորեն ծանոթանալուց հետո կներկայացնենք մեր պատասխանը»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ղարաբաղյան կարգավորման հարցերը Մամեդյարովն իր ռուսաստանյան պաշտոնակցի հետ կքննարկի հուլիսի 17-18-ին Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում: Ինչպես հաղորդում է Turan-ը` վկայակոչելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրներին ԱՄՆ մայրաքաղաքում, Լավրովը նաև երեք օրվա ընթացքում տարբեր մակարդակներում կքննարկի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկները:

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի համառությունն այդ հարցում, սակայն վերջին առաջարկների մանրամասները մեզ հայտնի չեն: Մենք դրանք կքննարկենք պարոն Լավրովի` Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: Լինելով Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը միանում է տարածաշրջանում խաղաղության հասնելու`Ռուսաստանի ձգտմանը»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որ Ադրբեջանի նախագահը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---