13 հուլիսի 2011 - 14:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Փորձագետ. «Անգրագետ հայրենասիրության» պատճառով մարդիկ փչացնում են պատմական հուշարձանները

«Անգրագետ հայրենասիրության» պատճառով մարդիկ փչացնում են պատմական հուշարձանները: Ինչպես հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, Գանձասարի հետ կապված իրավիճակն առաջինը չէ, երբ հովանավորը փչացնում է պատմական հուշարձանը: Ըստ նրա, այսպես կոչված «վերականգնման են ենթարկվել նաև Ասկերանի շրջանի Շոշկավանքը և Շուշիի 1668թ. Պարինպիշ վանքը: «Վերակառուցումից հետո 17-րդ դարի կառույցները վերածվել են նոր շենքի»,-ասել է նա՝ հավելելով, որ դա համազոր է հանցագործության: Սամվել Կարապետյանը նշել է, որ երբ հովանավորները բարի կամք են դրսևորում և ցանկանում են վերանորոգել այս կամ այն հուշարձանը, նրանք հաշվի չեն առնում փորձագետների կարծիքը, ինչն անթույլատրելի է:

Անդրադառնալով Գանձասարի վանքի պարսպի երեսպատմանը՝ փորձագետն ասել է, որ Գանձասարը պարիսպ է ունեցել դեռ 13-րդ դարում, որը վերականգնվել է 17-րդ դարում, ինչպես նաև վերանորոգվել է մասնակիրոնե 19-րդ և 20-րդ դարերում: Նա նշել է, որ Գանձասարի վանքի այժմ ընթացող վերանորոգման աշխատանքների արդյունքում կստացվի 2011 պատ, ոչ թե 13-րդ դարի վերականգնված պարիսպ:

Նա ասել է նաև, որ եթե իրավիճակը չշտկվի, Գանձասարը չի կարողանա ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցուցակում:

Գանձասարի պարիսպի երեսպատումը մեծ աղմուկ է բարձրացրել Facebook-ում և հայ բլոգերների շրջանում, դժգոհության ալիք բարձրացրել արվեստասերների շրջանում: Facebook-ում կազմակերպված հարցման արդյունքում այսօրվա դրությամբ երեսպատմանը դեմ է արտահայտվել 2142 մարդ և միայն 42 օգտվող «կողմ է» քվեարկել:

ՖՈՏՈՇԱՐՔ