13 հուլիսի 2011 - 15:38 AMT
Orange հիմնադրամը մեկնարկում է իր առաջին ծրագիրը ակնաբուժության ասպարեզում

Այսօր Orange հիմնադրամը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ համատեղ հայտարարեց իր առաջին բարեգործական ծրագրի մասին։ Orange հիմնադրամը տրամադրել է 9 միլիոն դրամ 2011-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Շիրակի մարզում իրականացվելիք անվճար ակնային զննումների և մարզի սոցիալապես անապահով բնակիչների բուժումների համար։

ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3000 մեծահասակների, 1200 երեխաների ակնային զննումներ, կատարել մոտ 250 վիրահատություն և լազերային բուժում, ինչպես նաև տրամադրել շուրջ 1200 ակնոց։

Օգոստոսի 16-ից սկսած ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի 7-հոգանոց անձնակազմը կկայանի երեք շրջկենտրոններում՝ Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում։ Սա կլինի Աչքի շարժական հիվանդանոցի 4-րդ շրջայցը Հայաստանում։

«Մենք տպավորված ենք ՀԱՆ-ի պրոֆեսիոնալիզմով և ուրախ ենք համագործակցել։ Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում, որտեղ գործում է հիմնադրամը»,-ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Ըստ ՀԱՆ-ի նախագահ Ռոջեր Օհանեսյանի, Աչքի շարժական հիվանդանոցը 2002-ից նմանատիպ ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում։

Orange Armenia ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, Շիրակի մարզում նման ծրագրի իրականացումը պայմանավորված է այն փաստով, որ Orange-ը մինչ այժմ դեռ ոչ մի նմանատիպ գործունեություն չէր ծավալել այնտեղ։

Orange հիմնադրամը Հայաստանում գործում է 2011-ի ապրիլից, իսկ ամբողջ աշխարհում՝1987թ-ից և հանդիսանում է Orange խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Ներկայումս հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանն Եվրոպայում, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:

ՀԱՆ-ը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1992թ. և արդեն 20 տարի է առաքելություն ունի կանխարգելելու ձեռքբերովի կուրությունը Հայաստանում։