13 հուլիսի 2011 - 15:39 AMT
ՀԱԿ-իշխանություն առաջին հանդիպումը սարերի ետևում չէ, բայց օրակարգը դեռևս հակասական է

Արտահերթ ընտրությունների անցկացումը միակ հարցն է, որն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է քննարկել իշխող կոալիցիայի պատվիրակության հետ, որի հետ առաջին հանդիպումը կկայանա առաջիկա 10 օրերի ընթացքում: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար, բանակցություններում ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, ՀԱԿ-ը ձևավորել է պատվիրակություն մեկ հարցի շուրջ բանակցություններ վարելու համար` արտահերթ ընտրությունների անցկացում: «Երկրում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է լուծել այդ խնդիրների հիմքը` ապօրինի ընտրված իշխանության հարցը»,- հայտարարել է Խաչատրյանը:

Նա նշել է, որ իշխանությունների հետ երկխոսությունը թույլ կտա ՀԱԿ-ին մշտական շփման մեջ լինել երկրի ղեկավարության հետ, որպեսզի Կոնգրեսին անհանգստացնող հարցերը լուծում ստանան: Լրագրողների այն հարցին, թե ինչպիսի հարցեր է մտադիր ՀԱԿ-ը բարձրացնել երկխոսության ընթացքում, եթե ընդդիմությունը հայտարարում է միայն արտահերթ ընտրությունների պահանջի մասին, Խաչատրյանը ասել է. «Արտահերթ ընտրությունների անցկացումը, մեկ, բայց շատ մեծ հարց է, որը ներառում է իր մեջ այդ ընտրությունների կազմակերպման և անցկացման խնդիրները»:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը նշել է, որ կոալիցիոն պատվիրակները պատրաստ են լսել ՀԱԿ-ի պահանջները և առաջարկները և ներկայացնել դրանք խորհրդարանին, կառավարությունը և նախագահի աշխատակազմին: «Պետք է հասկանալ, որ կոալիցիոն պատվիրակությունը լիազորված չէ որոշումներ ընդունել այս կամ այն խնդրի շուրջ: Այն ոչ պետական կառույց է: Մենք հանդիպելու ենք միայն հարցեր քննարկելու նպատակով»,- ասել է Բոստանջյանը: Խոսելով ՀԱԿ միակ պահանջի մասին` կոալիցիոն կուսակցության պատգամավորը նշել է, որ բոլորովին չի պատկերացնում Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացում, նշելով, որ երկրի ղեկավարությունը դրանում ոչ քաղաքական, ոչ իրավական հիմքեր չի տեսնում:

Նախորդ շաբաթ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են ընդդիմության հետ երկխոսության հանձնաժողովը և պատրաստ են հանդիպել առաջիկա 10 օրերին: Ըստ նրա, կոալիցիոն կուսակցություններից հանձնաժողովի կազմում ընդգրկվել է երկուական ներկայացուցիչ: