ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վաղը կժամանեն տարածաշրջան: Հուլիսի 14-ին միջնորդները կժամանեն Բաքու, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորումը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ակնկալվում է, որ Բաքվից հետո միջնորդները կայցելեն Երևան և Լեռնային Ղարաբաղ:
Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձն ու առաջարկությունները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:
ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: