13 հուլիսի 2011 - 16:46 AMT
ՀՀ փոխվարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզի վերականգնված Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայաններ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում եղավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրով վերականգնված Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայաններում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Ն.Պողոսյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը: Տեղեկացվեց, որ Զոլաքարի պոմպակայանում հիմնական աշխատանքներն ավարտված են, այն արդեն շահագործվում է:

Մարտունու պոմպակայանում աշխատանքներն ավարտվել են երկրորդ աստիճանում, առաջին աստիճանում դրանք կավարտվեն առաջիկայում: Նախատեսվում է, որ պոմպակայանն արդեն պատրաստ կլինի շահագործման այս շաբաթվա վերջին: Փոխվարչապետը հանձնարարեց էլեկտրասնուցման հետ կապված փաստաթղթերի համաձայնեցումն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում եւ ժամանակավոր էլեկտրական սնուցումից անցնել փաստաթղթերով համաձայնեցված էլեկտրամատակարարման` նշելով նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պատրաստակամությունն արագացված կարգով ապահովելու գործընթացը:

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանին հանձնարարվեց համատեղել բոլոր հնարավորություններն ընթացիկ շինաշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով` հաշվի առնելով օրեցօր ավելացող ոռոգման ջրի պահանջարկը:

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Նորադուզ եւ Ձորագյուղ համայնքներ, ծանոթացավ համայնքային մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով մանկապարտեզների վերանորոգման համար հատկացվել է 38 մլն-ական դրամ: Աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսի 10-ին եւ նախատեսված էր ավարտել նոյեմբերի 1-ին, սակայն կավարտվեն նախատեսվածից շուտ: Փոխվարչապետը մարզպետին եւ համայնքապետերին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել իրականացվող աշխատանքների որակը:

Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկվեցին մարզի ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետին զեկուցվեց հրատապ կապիտալ ծրագրով համայնքներում իրականացվող այլ աշխատանքների ընթացքին, ոռոգման, ճանապարհաշինության, համայնքային բյուջեների կատարողականին վերաբերող հարցեր, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: