Հայաստանի և Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարնեը Դուբլինում քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը

Հայաստանի և Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարնեը Դուբլինում քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իռլանդիա: Դուբլինում տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իռլանդիայի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ԱԳՆ մամլո ծառայությունից, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի ձևավորման շուրջ : Քննարկվեցին տարածաշրջանային, միջազգային ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հաշվի առնելով հաջորդ տարի Իռլանդիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնումը՝ անդրադարձ կատարվեց կազմակերպության առաջնային հարցերին: Էդվարդ Նալբանդյանն ու Էյմոն Գիլմորը երկուստեք նշեցին, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ու Իռլանդիան շատ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ ունեն, և դա կարող է լավ հիմք ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Հատուկ նշվեց երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի ամրապնդման կարևորությունը, գործարար շրջանակների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, անդրադարձան տնտեսական ոլորտի համագործակցության հնարավոր ուղղություններին: Այս տեսանկյունից երկուստեք կարևորվեց հանդիպումից առաջ ստորագրված «ՀՀ կառավարության և Իռլանդիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Հայաստանի և Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ: Էյմոն Գիլմորը ներկայացրեց ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահության առաջնահերթությունները, կազմակերպության նպատակների իրականացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը: Էդվարդ Նալբանդյանը ասաց, որ Հայաստանն աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահությանը:

Հայաստանի արտգործնախարարն իր իռլանդացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցները անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, այդ շրջանակում իրականացվող ծրագրերին և հարաբերությունների զարգացմանն ուղղված նախագծերին:

Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն իր իռլանդացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---