18 հուլիսի 2011 - 14:01 AMT
Ռուս դերասան Սերգեյ Շակուրովը Հայաստանում է «գաղտնի» ֆիլմում նկարահանվելու համար

Ռուս հայտնի դերասան Սերգեյ Շակուրովը այս օրերին ընտանիքի հետ գտնվում է Հայաստանում և նկարահանվում է հայ ռեժիսորի ֆիլմում: Դերասանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ, իրավունք չունի բացելու փակագծերը: ֆիլմի մասին տեղեկություն տալու հեղինակային իրավունքը ձեռք է բերել հեռուստաալիքներից մեկը:

Ռուսական ՍՍՀ-ի ժողովրդական դերասան, ԽՍՀՄ պետական մրցանակակիր, Պատվո շքանշանի ասպետ Սերգեյ Շակուրովը ծնվել է 1942 թ-ին Մոսկվայում: 1961 թ-ին հայտնի դրամատուրգ Վ. Ռոզովի երաշխավորմամբ Շակուրովը ընդունվել է Մանկական կենտրոնական թատրոնին կից դպրոց-ստուդիա: Աշխատել է Սովետական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում, իսկ այսօր խաղում է Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում:

Կինոյում նկարահանվում է 1966թ-ից: Նկարահանվել է հայտնի կինոռեժիսորներ Նիկիտա Միխալկովի, Անդրոն Կոնչալովսկու, Պյոտր Տոդորովսկու, Անժեյ Վայդայի, Էմիլ Լոտյանուի և այլոց ֆիլմերում: