18 հուլիսի 2011 - 14:18 AMT
HTC Desire HD-ի և Desire Z-ի Android 2.3.3-ը տարբերակն այսուհետ կճանաչի հայերեն տառատեսակները

Այսուհետ բոլոր նրանք, ովքեր ունեն HTC Desire HD և Desire Z սմարթֆոններ, կարող են հեշտությամբ կարդալ հայերեն լեզվով կայքերը։

«Օրանժ Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ HTC ընկերության հետ համագործակցության շնորհիվ այժմ Android օպերացիոն համակարգի 2.3.3 թարմացումը ճանաչում է հայերեն տառատեսակները, սակայն առայժմ միայն HTC Desire HD և Desire Z սմարթֆոնների համար։

«Մենք մի քանի օր է թեսթավորում էինք կատարում։ Այժմ յուրաքանչյուր մարդ, ով ունի հենց HTC Desire HD և Desire Z՝ Android 2.3.3 թարմացնելու դեպքում կտեսնի հայերեն տառատեսակները։ Orange Care ծառայության շրջանակներում մեր սպասարկման սրահներում մեր աշխատակիցները յուրաքանչյուրին անվճար կօգնեն թարմացում կատարել»,-նշեց Լիլիթ Մարտիրոսյանը։

Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, HTC-ի կողմից այս լուծումը վերաբերում է միայն HTC-ի Android հեռախոսներին և ոչ ընդհանրապես Android-ին։

Բոլոր այն մոդելները, որոնք նույնպես մինչև Android 2.3.3 տարբերակ թարմանալու կարողոթյուն ունեն, դեռևս չեն կարող ճանաչել հայերեն տառատեսակները։ Ըստ Լիլիթ Մարտիրոսյանի՝ HTC-ն այս փոփոխությունը կատարել է միայն HTC Desire HD և Desire Z մոդելների համար։

Մինչ այժմ հայերենի տառատեսակները հեռախոսում ինտեգրել հնարավոր էր միայն rooting-ի (կոտրել) դեպքում։ Վերջերս Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ Orange-ը սկսել է համագործակցությունը HTC-ի հետ, քանի որ անընդունելի է համարում բաժանորդներին հեռախոսներ առաջարկել առանց երաշխիքի։