Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Լիոնի քաղաքապետ,սենատոր Ժերար Կոլոմբն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, այցելել են ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն- հիմնադրամ: Ուսումնական կենտրոնում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն: Հյուրերը նախ դիտել են «Զարդակիրառական արվեստ» բաժնի ուսանողների պատրաստած հագուստների ցուցադրությունը, այնուհետ Ժերար Կոլոմբին ու Անրի Ռեյնոյին պատիվ է վերապահվել պետական ավարտական վկայականներ հանձնել նախնական մասնագիտական արհեստագործական ուսումնարանի այս տարվա շրջանավարտներին և հանդիսավորությամբ բացել կենտրոնի 2 –րդ և 3 –րդ հարկերի նորաստեղծ տարածքները: Կրթօջախը պաշտոնապես բացվել է 2002 թ.ին: Այստեղ դասավանդվում են նախնական և միջին մասնագիտական արհեստագործական ոլորտի մասնագիտություններ. ատամնատեխնիկական գործ, խոհարար-մատուցող,դերձակ- մոդելավորող, վարսահարդարություն և գործավարություն: Ըստ որակավորումների ու մասնագիտությունների ուսուցանվում է ֆրանսերեն լեզու: Կրթօջախի գործունեությանը աջակցում է Լիոն քաղաքի»Ռոնի» մասնագիտական կրթության ընկերությունը: