Հուլիսի 25-ին Բյուրականում տեղի ունեցավ «Բազե» երիտասարդական ճամբարի երկրորդ հերթափոխի բացումը։ Հայաստանի 10 մարզերից և Երևանի 12 վարչական շրջաններից ժամանած մոտ 250 երիտասարդներին ողջունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը։
«Երիտասարդական այս միջոցառումը մեր պետական դրոշի ներքո համախմբում է հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի երիտասարդներին, անկախ սեռից, կուսակցական պատկանելությունից, կրթական մակարդակից։ Դա իր մեջ կրում է միասնականության գաղափարը։ Ճամբարը մրցութային է. մրցակցային ոգին երիտասարդների մեջ շատ դրական հատկանիշ է։ Այս տարիքից, և իհարկե սրանից էլ վաղ, երիտասարդները՝ մեր ազգի ապագան, պետք է իրենց մշտապես տեսնեն մրցակցության մեջ, ինչը կբերի մրցակցային առավելության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային ասպարեզում»,- նշեց Ազգային ժողովի փոխխոսնակը։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվող «Բազե» ճամբարը նոր ծանոթությունների, նոր կապերի, երիտասարդների ինտելեկտուալ, սպորտային, մշակութային զարգացման լավ հնարավորություններ է ստեղծում։
«Աշխարհասփյուռ հայությանը համախմբելու առաքելությունը պետությանն է տրված, և յուրաքանչյուր տարի Հայաստանում կազմակերպվող համահայկական միջոցառումները, լինեն դրանք երիտասարդական, մարզական, մշակութային, գիտական, թե այլ ոլորտների, շատ կարևոր են, քանի որ մենք պետք է մրցունակ լինենք ոչ միայն որպես պետություն, այլև որպես ազգ»,- նշեց խորհրդարանի փոխնախագահը։
«Բազե» ճամբարն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Նշենք, որ «Բազե» ճամբարի երկրորդ հերթափոխը խորհրդանշում է ՀՀ պետական դրոշի կապույտ գույնը։ 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ հուլիսի 22-31-ը կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն Հայկական կարմիր խաչի ընկերության մասնագետների կողմից անցկացվող առաջին օգնության դասընթացներին։ Ճամբարի մասնակիցներին կուսուցանվեն ազգային երգեր, պարեր և խաղեր։ Կկազմակերպվի արշավ դեպի Ամբերդ, երիտասարդները կանցկացնեն նաև հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով լի հարուստ օրեր, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամլո ծառայությունը։