26 հուլիսի 2011 - 16:58 AMT
Ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ Արարատբանկի ակտիվներն աճել են 60,18%-ով

Արարատբանկի ակտիվները 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 68,4 մլրդ դրամ` անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճելով 60,18%-ով: Նույն ժամանակահատվածում 72,66-%ով աճել են նաև Բանկի պարտավորությունները` 2010թ.-ի 33,15 մլրդ դրամի դիմաց կազմելով 57,2 մլրդ դրամ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը շարունակում է մնալ Բանկի ռազմավարական առաջնահերթություններից: Այդ նպատակով Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորման պայմանագիր և ևս 752 մլն դրամ ներգրավել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD): Ընթացիկ տարում Բանկը նախատեսում է տարբեր միջազգային կառույցներից ներգրավել ևս 20 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է միկրո, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Բանկի վարկային պորտֆելի ծավալը կազմել է 32,2 մլրդ դրամ` նախորդ տարվա հուլիսի 1-ի ցուցանիշի համեմատ աճելով 53,77%-ով:

Վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի ներգրաված ժամկետային ավանդներն աճել են 64,4 %-ով` կազմելով 12,9 մլրդ դրամ: Նշված ժսմանակահատվածում 41,3%-ով աճել է նաև տրամադրված պլաստիկ քարտերի քանակը, կազմելով 63 696 հատ: Մյուս կարևոր ցուցանիշը Բանկի հաճախորդների թվաքանակն է, ինչն աճել է 28,07%-ով:

Նշենք նաև, որ 2011 թվականի առաջին կիսամյակում Բանկի զուտ շահույթը կազմել է 1,106 մլն դրամ, ինչը 78%-ով գերազանցել է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը և 61%-ով` 2011 թվականի առաջին կիսամյակի պլանային ցուցանիշը: