Պետությունն ու եկեղեցին չե՞ն կարող վերահսկել հուշարձանների պահպանման ողջ գործընթացը

Պետությունն ու եկեղեցին չե՞ն կարող վերահսկել հուշարձանների պահպանման ողջ գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Սանահինի վանական համալիրի անմխիթար վիճակի վերաբերյալ բողոքի ալիքի կապակցությամբ լրագրողների հետ այսօր կայացած զրույցում ասել է, որ ինչ-որ բանի վերաբերյալ խնդիր բարձրացնելը մի բան է, մարդկանց վրա ցեխ շպրտելը մեկ այլ բան: Նրա կարծիքով, հուշարձանների պահպանության հարցը միայն պետության խնդիր չէ, այլ նաև հասարակության խնդիրն է: «Խնդիրը պետք է հնչեցնել և արձանագրել, այլ ոչ թե կառուցել վիրավորանքների վրա», ասաց նախարարը: Նրա խոսքով, նախարարությունը բաց է բոլորի համար և բոլորը կարող են ցանկացած խնդրով դիմել նրանց: Այն հարցին, թե ինչու նախարարություն շատ չեն դիմում, նախարարն ասաց, որ հնարավոր է, որ վստահության պակաս կա, կամ էլ բողոքողների մեծ մասը պարզապես սեփական «ես»-ը բարձրացնելու խնդիր ունի:

Նա նաև ասաց, որ Հայաստանի մշակութային ժառանգությունը չափազանց մեծ է և միայն պետությունն ու եկեղեցին չեն կարող վերահսկել ողջ գործընթացը: Անհրաժեշտ է նաև հասարակության հոգածությունը: Նախարարը բերեց Օձունի եկեղեցու վերանորոգման օրինակը, որի համար ստեղծվել է հիմնադրամ:

Նախարարը շեշտեց, որ վերականգնման ենթակա շատ շինություններ կան և պետք է առաջինը նորոգել ամենավտանգվածները: Նա նաև ասաց, որ առաջնային հարցերից մեկը Գոշավանքի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներն են:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---