«Ես Կազանի հանդիպումը ձախողված չէի համարի, չնայած նրան, որ մենք մեծ ակնկալիքներ ունեինք այդ հանդիպումից։ Պատահեց այն, ինչ պետք է պատահեր»,- հուլիսի 28-ին Երևանում լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով, խոսքն առաջին հերթին գնում է համապատասխան մթնոլորտի բացակայության մասին, քանի որ «Ադրբեջանն ամեն օր ցանկացած մակարդակում և բոլոր մեթոդներով թունավորում է սեփական ժողովրդին»։
Ինչպես նշել է ՀՀ նախագահը, ԼՂՀ և Հայաստանի ժողովուրդները մեկ պահանջ ունեն՝ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում, իսկ այդ իրավունքի հիմքերն արտացոլված են Մադրիդյան սկզբունքներում, որոնք կողմերին առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը։ «Մենք այլ պահանջներ չունենք»,- ասել է նա։
ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: