Հուլիսի 29-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Լեհաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, քննարկումներին և ամփոփել արդյունքները:
«Ցանկանում եմ Ձեզ խորին շնորհակալություն հայտնել այս այցի համար Հայաստան: Ես այստեղից հեռանում եմ խորապես համոզված, որ Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցությունը կարևոր է և իմաստավորված: Մենք կարող ենք նաև հայ-լեհական երկկողմ շատ սերտ հարաբերություններ կառուցել, որի ներուժը կա»,-ասել է նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորվել են ջերմ հարաբերություններ, և Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրի նախագահին: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրն, իրոք, ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին Եվրամիության անդամ երկրներն են, և այդ ճանապարհին բարեկամների աջակցությունը չափազանց կարևոր է, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: