Հուլիսի 29-ին Արարատբանկը հայտարարեց իր չորրորդ թողարկման պարտատոմսերի առաջին առևտրային նստաշրջանի բացման մասին: Բանկը, ՀՀ բանկային շուկայի համար աննախադեպ` արդեն չորրորդ անգամ անընդմեջ, իրականացնում է պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: Ինչպես նախորդ երեք թողարկումների ժամանակ, այնպես էլ այս անգամ, պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում և գնանշվում են շուկա ստեղծողների կողմից:
Արարատբանկի պարտատոմսերն իրենց թողարկման ողջ պատմության ընթացքում ունեցել են բարձր պահանջարկ: Չորրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները ևս ցույց տվեցին, որ մեծ է ներդրողների հետաքրքրությունը: Հունիսի 20-ից մինչև հուլիսի 11-ը Բանկը թողարկեց և տեղաբաշխեց 250 մլն դրամ ծավալով 25 հազար հատ պարտատոմս:
Տեղաբաշխմանը մասնակցել են թվով 191 ներդրող, որոնցից 11-ը իրավաբանական, իսկ 180-ը` ֆիզիկական անձինք: Ինչպես նշվեց, պարտատոմսերն արդեն գնանշվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում, և այն անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել արդեն շրջանառվող պարտատոմսերը, կարող են դիմել ներդրումային ընկերություններին և վերջիններիս միջոցով երկրորդային շուկայում ձեռք բերել պարտատոմսեր:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը կիրականացվի եռամսյակային կտրվածքով, հաղորդում է Արարատբանկի լրատվական ծառայությունը։