Սպառողական գների ինդեքսը 2011թ. հունվար-հուլիսին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 109,4 տոկոս (գնաճը 9,4 տոկոս), այդ թվում սննդամթերքի գների աճը կազմել է 15,4 տոկոս: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ընդ որում, նա նշել է, որ աշխատավարձերի աճը 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ կազմել է 4,9 տոկոս:
Ինչ վերաբերում է հուլիսի ցուցանիշներին, ապա, ըստ Մարտիրոսյանի, հունիսի համեմատ սպառողական շուկայում հուլիսին գրանցվել է 3 տոկոս գնանկում: Սննդամթերքի գների անկումը կազմել է 5,9 տոկոս, առաջին հերթին շնորհիվ բանջարեղենի, մրգերի գների նվազմանը: Մարտիրոսյանը նշել է նաև, որ ավանդաբար հուլիսին ու օգոստոսին գրանցվում է գնանկում սպառողական շուկայում: Մասնավորապես, հուլսին 1994թ. ի վեր միշտ գնանկում է գրանցվել, իսկ օգոստոսին՝ 1997թ. մինչև 2009թ., բացառություն է կազմել միայն 2010թ.: