2 օգոստոսի 2011 - 16:36 AMT
Ախուրյան գետում և «Հրազդան» ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել են ջրահեղձներ

Հուլիսի 31-ին` ժամը 14.48-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում` հարակից Ախուրյան գետում, քաղաքացի է ջրահեղձվել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ տեղի ուժերով հնարավոր չէ իրականացնել որոնողական աշխատանքները և անհրաժեշտ է ջրասուզակ: Ժամը 17.20-ին դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 19.40-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել նույն գյուղի բնակիչ 1989թ . ծնված Ազատ Ալեքսանյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ օգոստոսի 1-ին ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Հրազդան» ՀԷԿ-ի ճնշման կայանի ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ և նրան ջրից դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և Հրազդան քաղաքի 3 հրշեջ-փրկարարներ: Փրկարարներին չի հաջողվել դին դուրս բերել ջրից, որից հետո դեպքի վայր են մեկնել Սևանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները: Ժամը 16.50-ի սահմաններում ջրասուզակների ուժերով ջրից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 324 տան բնակիչ 1925թ. ծնված Գուրգեն Նիկողոսյանի դին: