ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր կայացել է«Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը և այլք:
Ողջունելով Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի մասնակիցներին և նշելով, որ 2011 թվականը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարվել է երիտասարդության տարի` Հրանուշ Հակոբյանը կարևորել է երիտասարդության դերը հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման և Սփյուռքի ներուժի համախմբման գործում: «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրին մասնակցում է առաջնորդական հմտություններով օժտված, համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավված 21-30 տարեկան սփյուռքահայ 24 երիտասարդ 10 երկրից` ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Էստոնիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, ԱՄԷ և Սիրիա:
Ծրագրի նպատակն է` հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել Հայրենիքի հետ, ծանոթացնել ՀՀ պետական կառավարման համակարգին, երկրի ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, ազգային մշակույթին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության ներկայացուցիչների հետ, մշակել հետագա համագործակցության ձևեր և միջոցներ: