Ամիսներ տևած վեճերից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին օգոստոսի 3-ի երեկոյան հաջողվեց համատեղ հայտարարություն ընդունել, որտեղ քննադատության է ենթարկվում Սիրիայի ղեկավարությունը բողոքի ցույցերի կոշտ ճնշման համար, հաղորդում է dpa գործակալությունը: Փաստաթղթում, մասնավորապես, դատապարտվում են «մարդու իրավունքների լայնածավալ խախտումներն ու բռնությունը քաղաքացիական անձանց» դեմ:
Գործակալությունը նշում է, որ համատեղ հայտարարությունը նույն կոշտությունն չունի, ինչ բանաձևը: Ի դեպ, այն չունի նաև իրավաբանական ուժ: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի ԱԽ անդամներին, որոնք դատպարտում են Դամասկոսին, հաջողվեց որոշ չափով իր կողմը քաշել Ռուսաստանին, Չինաստանին ու մի շարք այլ պետությունների, որոնք նախկինում հանդես էին գալիս Սիրիայի ղեկավարության դատապարտման դեմ: Հենց Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չտվեցին առավել կոշտ քննադատություն Դամասկոսի հասցեին:
ԱԽ փաստաթուղթը պահանջում է «անհապաղ դադարեցնել բռնությունը» և կոչ անել «բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ ձեռնպահ մնալով հատուցման ակցիաներից՝ ներառյալ հարձակումները պետական հաստատությունների վրա»: Հայտարարության մեջ, սակայն, ասվում է, որ Սիրիայի կառավարությունը պետք է պահպանի մարդու իրավունքներն ու մեղավորներին պատասխանատվության կանչի: «Մենք ողջունում ենք Դամասկոսի բարեփոխումներ կատարելու պատրաստամակությունը, սակայն արձանագրում ենք առաջընթացի բացակայությունը այդ խոստման կատարման գործում և պահանջում ենք կյանքի կոչել բարեփոխումները»,-ասվում է փաստաթղթում:
ՄԱԿ-ի ԱԽ գործող նախագահ Հարդիպ Սինգխ Պուրին հայտարարել է, որ գոհ է ընդունված հայտարարության տեքստից: «Դա լավ տեքստ է: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք միաձայն լինել և հստակ ազդանշան ենք հղել Դամասկոսին»,-ասել է նա, հաղորդում է dw-world.de-ն:
Հակակառավարական ցնցումները Սիրիայում սկսվեցին դեռևս 2011թ. մարտին: Վերջին օրերին հակամարտությունը սրվեց. քննադատության պատճառը զինվորականների գործողություններն էին Համա քաղաքի վրա հարձակման ժամանակ: Կառավարական բանակի ստորաբաժանումները գնդակոծում էին ապստամբած քաղաքը տանկերից ու գնդացիրներից: «Ալ Ջազիրայի» տվյալներով, զոհվեց շուրջ 140 մարդ: