«Խոսքի իրավունք» միավորումը առաջարկում է վերանայել կրպակների ապամոնտաժման վերաբերյալ որոշումները և հետամուտ է պաշտպանել փոքր և միջին բիզնեսով զբաղվողների իրավունքները:
Միավորման տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Քաղաքային իշխանությունների պայքարը փողոցային առևտրի դեմ հանգեցրեց շատ կրպակների ապամոնտաժման գործնթացի որոշմանը: Այդ ամենը հաճախ արվում է վարձակալության և սեփականության իրավունքի կոպիտ խախտումով և վնասում է մանրածախ բիզնեսի զարգացմանը: Շատ դեպքերում կրպակատերերը ունենում են անգամ միջինից ցածր եկամուտներ, իսկ այդ եկամուտից նրանց զրկելը կհանգեցնի սոցիալական էլ ավելի բևեռացման և արտագաղթի»:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հաճախ մանրածախ առևտրի կրպակները ավելի են համապատասխանում քաղաքաշինական նորմերին և ճարտարապետական չափորոշիչներին, քան մեծ բիզնեսի օբյեկտները:
Հունվարին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ընդունած բացօթյա առևտուրն արգելող որոշմանը հաջորդեց կրպակների ապամոնտաժման մասին որոշումը, որը առևտրականների բողոքի ու դժգոհության նոր ալիք է բարձրացրել: