«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մոտ ժամանակներս կատարվելու են պեղումներ: Այդ մասին լրագրողներին այսօր հայտնեց Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը: Փիլիպոսյանը նաև հավելեց, որ առաջին հերթին պետք է մաքրման աշխատանքներ կատարվեն արգելոցի տարածքում գտնվող բրոնզեդարյա դամբարանադաշտում:
Բացի դրանից, կթարմացվի թանգարանի մշտական ցուցադրությունը: Փիլիպոսյանը նշեց նաև, որ թանգարանի մի շարք նմուշներ 2013 թ-ի վերջին կամ 2014 թ-ի սկզբին կներկայացվեն Նյու Յորքի համալսարանում, կհրատարակվեն գիտական աշխատություններ և կատալոգ:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց - թանգարանը հիմնադրվել է 1969թ. Մեծամոր բնակատեղիի տարածքում: Թանգարանում պահվում են 26 հազարից ավելի թանգարանային առարկաներ, այդ թվում իրենց տեսակի մեջ եզակի նմուշներ, որոնք պեղվել են բացառապես Մեծամոր հնավայրի տարածքից: