6 օգոստոսի 2011 - 15:53 AMT
«Բյուրոկրատ» գրախանութում կայանալու է Սևակ Գրիգորյանի «Մոնոտիպեր» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

Օգոստոսի 8-30-ը «Բյուրոկրատ» գրախանութում կայանալու է իտալաբնակ հայ քանդակագործ Սևակ Գրիգորյանի «Մոնոտիպեր» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Քանդակագործի խոսքով, ցուցահանդեսը անվանել է «Մոնոտիպեր», որովհետև թեմաները տարբեր են, բայց կատարման ոճը նույնն է: Ցուցահանդեսի հիմնական թեմաներն են`երեխաները Եղեռնի ժամանակ, իտալացի Սուրբ Ֆրանչեսկոյի կերպարը, կենդանական աշխարհը և այլն: Ըստ քանդակագործի, այդ աշխատանքները կդառնան ավելի մեծ, և վերջնական լուծումների արդյունքում յուրաքանչյուր թեման կդառնա առանձին ցուցահանդեսի հիմք: «Եղենի նախագիծը դառնալու է ավելի մեծ, և հույս ունեմ, որ կնկարահանվի ֆիլմ, որտեղ քանդակները կդառնան պերսոնաժներ», ասաց քանդակագործը:

Ցուցահանդեսին ներկայացվելու է 15 գրաֆիկական աշխատանք, քանի որ ցուցադրվող տեղը փոքր է: «Գրաֆիկաները կարծես քանդակների էսքիզներ են, բայց ինքնին ավարտուն աշխատանքներ են», հավելեց քանդակագործը:

Սևակ Գրիգորյանը ծնվել է 1979թ-ին Երևանում: Երևանում ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Իտալիայում ավարտել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիան իսկ այժմ սովորում է մետաղագործություն: Քանդակագործը արդեն 6 տարի է, ինչ ապրում է Իտալիայում: Մասնակցել է Իտալիայում, Հոլանդիայում, Դանիայում խմբակային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում, Galleria291est պատկերասրահում: Ամենահայտնին «1915» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսն է, որտեղ թեման Եղեռնն էր: Քանդակագործի որոշ աշխատանքներում ավելի շատ երևում է ասորական և եգիպտական մշակույթների ազդեցությունը, մյուսներում՝ ավելի անհատական ոճը: