9 օգոստոսի 2011 - 18:00 AMT
Ընդդիմությունը 85 էջում ներկայացրել է արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորումները

ՀԱԿ-ը իշխանություններին 85 էջից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրել, որը հիմնավորում է երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Այդ մասին աշխատանքային խմբերի հերթական հանդիպումից հետո լրագրողներին է հաղորդել իշխանությունների հետ երկխոսությունում ընդդիմության պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ներկայիս իշխանությունները չունեն «ո'չ իրավաբանական, ո'չ քաղաքական լեգիտիմություն»: Զուրաբյանը հաղորդել է նաև, որ իրենք իշխանություններին ՀՀ ԱԺ 76 պատգամավորներից բաղկացած ցուցակ են ներկայացրել, որոնք խախտելով օրենքը` ձեռնարկատիրությամբ են զբաղվում: ՀԱԿ-ի գրասենյակի համակարգողը լրագրողներին ասել է, որ փաստաթղթում ներկայացված են արտահերթ ընտրությունների անցկացման համար բոլոր հիմնավորումները` իշխանության կոռումպացվածությունը, տնտեսական և քաղաքական իրադրությունը երկրում, քաղաքացիների սոցիալական խնդիրները:

Իշխանությունների աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն իր հերթին ասել է, որ իրենք ունկնդրել են փաստաթղթի կետերը, և իրենց կարծիքով, փաստաթուղթը պարունակում է փաստեր և գնահատականներ, և որ շատ գնահատականների հետ իրենք համաձայն չեն: Ինչ վերաբերում է փաստերին, ապա, Հարությունյանի խոսքով, փաստաթղթում ներկայացված որոշ սխալ փաստեր սխալ եզրակացությունների առիթ են տալիս: Դավիթ Հարությունյանը նաև ասել է, որ նախորդ հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը, մասնավորապես հանրահավաքի օրերին տրանսպորտի խնդիրը արդեն ներկայացված են համապատասխան մարմիններին:

Հաջորդ հանդիպումը կկայանա ոչ թե ուրբաթ, այլ երեքշաբթի` օգոստոսի 16-ին: Հանդիպումը տեղափոխվել է, որպեսզի իշխանությունը հասցնի ծանոթանալ փաստաթղթին: Նշենք, որ այսօր բանակցությունները տևել են ավելի քան 5 ժամ:

Օգոստոսի 4-ին իշխանություն-ընդդիմություն երկխոսության շրջանակում կայացած հանդիպմանը որոշվել է հանդիպել շաբաթական երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ օրերին, թեև ՀԱԿ-ի ներկայացուցիչներն առաջարկում էին հանդիպել ամեն օր: Ինչպես այդ ժամանակ հայտնել է կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, բանակցությունների ժամանակ սկզբում քննարկվելու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, որն առաջադրել է ՀԱԿ-ը:

Հուլիսի 26-ին` իշխանության և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև երկխոսության շրջանակում աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպման ժամանակ, ընդունվել է առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

ՀԱԿ-ի և կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Կոնգրեսը բանակցություններում ներկայացնում են՝ ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

Կոալիցիոն կուսակցություններից պատվիրակության կազմում են Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ), Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ):