Վիկ Գունդոտրան, Google-ի ավագ փոխնախագահը, Google-ի պաշտոնական բլոգում հայտնել է, որ Google-ը գործարկել է Խաղեր բաժինն իր G+ (Google+) սոցիալական ցանցում։
«Մենք Google+-ով ցանկանում ենք իրական կյանքը ինտերնետում կիսելու գաղափարը (real-life sharing) լցնել նոր երանգներով։ Ցանկանում ենք օնլայն խաղեր խաղալը դարձնել զվարճալի, իմաստալից, այնպես, ինչպես իրական կյանքում կխաղայիր»,-գրել էր Վիկ Գունդոտրան:
G+ -ում խաղեր խաղալու համար անհրաժեշտ է սեղմել Խաղեր կոճակը հոսքի (stream) վերևում։ Օգտագործողներն այնտեղ կտեսնեն իրենց ընկերների խաղացած խաղերի թարմացումները, խաղալու հրավերները։ Հնարավորություն կա պարբերաբար կիսելու սեփական խաղի արդյունքները։
G+ -ում, օրինակ, հնարավոր է խաղալ Angry Birds, Monster World, Bubble Island և այլ խաղերը։
Google-ն ասել է, որ շուտով Խաղեր բաժինը հասանելի կլինի բոլոր օգտագործողների համար։
G+ սոցիալական ցանցը գործարկվել է 2011-ի հունիսի 28-ին և արագորեն դարձել սոցիալական ցանցերի աշխարհում ամենաթեժ քննարկվողներից մեկը։ G+-ի հիմնական մրցակիցը համարվում է Facebook-ը։ Այժմ G+-ը ունի 25 միլիոն օգտագործող, նաև ծրագիր Android հեռախոսների համար ու բջջային վեբ տարբերակ։