Ֆրենսիս Ռիկարդոնեն մինչ տարեվերջ կարող է զրկվել իր պաշտոնից

Ֆրենսիս Ռիկարդոնեն մինչ տարեվերջ կարող է զրկվել իր պաշտոնից

PanARMENIAN.Net - Նախորդ տարվա ավարտին ԱՄՆ սենատորները հավանություն չտվեցին մի շարք դիվանագիտական աշխատակիցների թեկնածություններին, որից հետո նախագահ Օբաման որոշեց «շրջանցել» արգելքը, գրում է Asbarez թերթը: Ըստ «Սենատորները պետք է մերժեն Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը» հոդվածի հեղինակ Հարութ Սասունյանի, ծագած խնդրի տակտիկական լուծում հանդիսացավ դեսպանների նշանակումը սենատի արձակուրդների ժամանակ: «Սակայն, եթե մինչև տարվերջ Սենատը հավանություն չտա Օբամայի նշանակումներին, ապա դեսպանները ստիպված կլինեն լքել իրենց պաշտոններն ու խայտառակ կերպով վերադառնալ ԱՄՆ»,-ասել է սասունյանը:

Անցյալ տարվա վերջում նախագահ Օբաման, օգտվելով իր իրավունքից, հաստատեց Ֆրենսիս Ռիկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ավելի վաղ, Սենատի լսումներում նրա թեկնածությունն արգելափակվեց սենատորների կողմից Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության մասին «անբավարար» պատասխանների պատճառով: 2011թ. հունվարից Ռիկարդոնեն արդեն աշխատում է որպես դեսպան Թուրքիայում:

Օգոստոսի 2-ին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումներ են տեղի ունեցել Ռիկարդոնեի թեկնածության վերաբերյալ: Լսումների ընթացքու սենատոր Ռոբերտ Մենենդեսը մի շարք հարցեր է տվել Ռիկարդոնեիին Հայոց ցեղասպանության մասին: Հայոց ցեղասպանության մասին սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին պատասխանելով Ռիկարդոնեն ընդգծել է, որ պաշտպանում է ԱՄՆ նախագահի դիրքրորոշումն այդ հարցում, որը կիրառում է հայերեն Մեծ եղեռն եզրույթը:

Ռոբերտ Մենենդեսը հարցրել է նաև, թե արդյոք Ռիկարդոնեն համաձայն է այն դիրքորոշմանը, որ ունեն այս հարցում ներկայիս նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երբ նրանք սենատորներ էին: Դրան Ռիկարդոնեն պատասխանել է, որ կիսում է այդ դիրքորոշումը, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Հարկ է նշել, որ վերոնշյալ բոլոր երեք պաշտոնյաները, սենատորներ լինելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Օբաման, դա արել նաև լինելով նախագահի թեկնածու և խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, այդպես էլ չկատարեց խոստումը:

Պատասխանելով սենատորի հարցին այն մասին, թե քանի քրիստոնեական եկեղեցի է գործում Թուրքիայի տարածքում, դեսպան Ռիկարդոնեն հայտարարել է, թե մեծ մասը գործում է մինչ օրս:

Ըստ պատմական գրառումների, մինչ 1915թ. Թուրքիայի տարածքում գործող 2000 հայկական եկեղեցիներից այսօր գործում է 50-ը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---