17 օգոստոսի 2011 - 15:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում գործում է 51 աղանդավորական կազմակերպություն

Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 10-ը Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող կառույցներն են, 6-ը հին, ավանդական եկեղեցիների ճյուղերն են, իսկ մնացած 51-ը` աղանդավորական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս թվերը տրամադրեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա հավելեց, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների, Հայաստանում աղանդավորական տարբեր կազմակերպություներին անդամակցում է 300-350 հազար մարդ:

«Իրականում աղանդավորական կառույցներից շատերը փոխկապակցված են: Նրանք իրավաբանորեն անկախ են, սակայն գաղտնիք չէ, որ գրեթե բոլորն էլ ֆինանսավորվում են ԱՄՆ-ից»,- ասաց Ամարյանը:

Նա նշեց, որ հասարակական կազմակերպության գործունեության ընթացքում իրենք կարողացել են օգնություն ցույց տալ ընդամենը 10-15 հոգու, քանի որ զոմբիացման ու խաբեության միջոցով աղանդ ներքաշած քաղաքացուն հետ բերելու համար անհրաժեշտ է 2-7 տարի և ահռելի մեծ գումարներ: Ըստ Ամարյանի, Հայաստանում աղանդների տարածման համար մեղավոր են և՛ իշխանությունն ու օրենսդիրը, և՛ Առաքելական եկեղեցին, և՛ ժողովուրդը :

«Չկա մի օրենք, որով կարող են ճնշել, չկա մի օրենք, որով կարող են հսկել»,- ասաց բանախոսը` շեշտելով Հայաստանում իրավաբան-կրոնագետների ու հոգեբան-կրոնագետների անհրաժեշտությունը:

Սբ. Հովհաննես եկեղեցու Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը Առաքելական եկեղեցու մեղավորությունն ընդունեց այնքանով, որ այն չի հասցնում պատրաստել անհրաժեշտ քանակով հոգևոր հովիվներ:

«70 տարվա ընթացքում 1000-2000 հոգևորական կորցրեցինք, իսկ նոր հոգևորական պատրաստելու համար պահանջվում է 7-8 տարի»,- ասաց Տեր Շմավոնը` հավելելով, որ 1 միլիոնանոց Երևանը սպասարկում է ընդամենը 25-30 հոգևորական, որը շատ քիչ է: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Առաքելական եկեղեցին պայքարում է ոչ թե հայ ազգի, այլ օտար ներգործության դեմ:

ՖՈՏՈՇԱՐՔ