լՀայաստանում աղանդավորական կազմակերպություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա նշեց, որ հատկապես ակտիվացել են «Եհովայի վկաները», որոնք հարուցում են քրեական գործեր, պահանջում են ավելի էժան մաքսազերծել իրենց գրականությունը, ասում են, թե իրենց ճնշում են:
«Նրանք ստում են: Այնպիսի կառույց չկա, որ իրենց ճնշի: Այնպիսի տպավորություն է, թե այդպես անում են, որ ուշադրությունն իրենց վրա գրավեն, իսկ մյուսներն ազատ գործեն»,- ասաց Ամարյանը:
Նա նշեց, որ Հայաստան է ներխուժել Ղազախստանից եկող «Ատա այաթ» կրոնական կազմակերպությունը, որի հետնորդները «բուժում» են ինքնահրկիզման միջոցով:
«Խարբերդում գործում է «Աստծու զինվորներ» աղանդավորական կազմակերպությունը: Ղեկավարը կին է` Շողերը: Այդ կառույցը ոչ ոք չի կարողանում մտնել` ոչ իրավական մարմին, ոչ կառավարական»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը: Բանախոսը նշեց, որ ըստ Խարբերդում պտտվող խոսակցությունների, այդ կառույցում կատարվող հանցագործությունները թվարկելու համար պետք է «Քրեական օրենսգիրքը առաջին էջից մինչև վերջինը անցնել»: