Արմեն Գևորգյանը Չինաստանի Շենժեն քաղաքում հանդիպեց հայ մարզիկների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Չինաստանի Շենժեն քաղաքում հանդիպեց ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերին մասնակցող Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Օգոստոսի 12-ին մեկնարկած խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևում` շախմատ, ծանրամարտ, թեքվանդո, ձյուդո, թենիս:

Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ` դառնալով այս խաղերի պատմության մեջ առաջին ոսկեմեդալակիր հայ մարզիկը: Հաջող է հանդես եկել նաև շախմատիստ Զավեն Անդրեասյանը` զբաղեցնելով 4-րդ տեղը:

Փոխվարչապետը կարևորեց այս հեղինակավոր ստուգատեսին հայ մարզիկների արժանապատիվ մասնակցությունը: Հետագա մարզական հաջողություններ մաղթելով նրանց` Ա. Գևորգյանը հույս հայտենց, որ հաջորդ խաղերին Ա. Աղասյանի նվաճումը կկրկնեն նաև մյուս մասնակիցները, ու մեդալներ կլինեն նաև մյուս մարզաձևերից:

Հայաստանի ուսանող-մարզիկները խաղերին մասնակցում են արդեն 10-րդ անգամ: Ընդհանուր առմամբ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 14 մեդալ, այդ թվում 3-ը` արծաթ, 11-ը` բրոնզ:

Ա. Գևորգյանը եղավ նաև խաղերին մասնակցող պատվիրակություններին հյուրընկալելու համար կառուցված գյուղում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Այն հետագայում ծառայելու է Շենժենի տեխնոլոգիական համալսարանին:

Այսօր երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերի փակման արարողությանը: Շենժենից փոխվարչապետը կմեկնի Պեկին, որտեղ նախատեսվում են նրա մի շարք երկկողմ հանդիպումները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---