Սոցիալական հարցերի փոխնախարարը որոշել է, որ բոլորը տգետ են և իրեն ոչ ոք չի հասկանում

PanARMENIAN.Net - ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների գործառույթների վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ներկայացրած հաշվետվությունների հիման վրա ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը կատարել է վերլուծություն և համադրել վերոնշյալ բաժինների կանոնադրական գործառույթների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրեց վերլուծության արդյունքներն ու ի հայտ եկած բացերը:

«Հաշվետվություններում ներկայացված տեղեկությունները գրված են շատ ընդհանուր և արժանահավատ չեն: Որոշ մարզպետներ հաշվետվություններում նշում են հաշմանդամ երեխաների ընտանիքներին ցուցաբերած դրամական օգնության մասին, որը կանոնադրությամբ որպես գործառույթ սահմանված չէ: Ներկայացվում են տեղական և արտասահմանյան բարեգործական ընկերությունների կատարված աշխատանքները, և ոչ մի խոսք չկա իրենց բաժնի գործառույթների կատարման մասին»,- ասաց Անահիտ Բախշյանը: Նա ասաց, որ որևէ մարզի համապատասխան բաժին չի ներկայացրել, թե մարզում հանրակրթությունից դուրս մնացած քանի երեխա են հայտնաբերել և նրանցից քանիսին են օգնել ընդգրկվել կրթության մեջ, քանի մանկուց հաշմանդամ երեխա կա, նրանցից քանիսն են ընդգրկված կրթական հաստատություններում, ներառական դպրոցներում, քանիսը` ոչ, և այլն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը պատասխանեց, որ իրականում բաժինները կատարում են ամենօրյա ընթացիկ լուրջ աշխատանք, որոնց մասին հաշվետվություն չեն գրում: Նա նշեց, որ պետք է ոչ թե թվեր բերել, ասել «երեխա, իրավունքների պաշտպանություն», այլ հասկանալ համակարգի կառուցվածքն ու գործունեությունը:

«Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանվածության մակարդակը շատ բարձր է: Դա ասում են ԱՊՀ ու Արևելյան Եվրոպայի պետությունները: Ես չեմ կարող պատասխանել կարծիքին, կոնկրետ թվեր բերեք, պատասխանեմ»,- ասաց փոխնախարարը: Նա նաև բողոքեց լրատվական դաշտից`հավելելով, որ սոցիալական ոլորտում մասնագիտացված լրագրող լինելու համար շատ կարևոր է իմանալ տերմինները, որպեսզի խառնաշփոթ չստեղծվի: Նա խորհուրդ տվեց լրագրողներին հարցերը ձևակերպել գրագետ, այլապես ինքը կհրաժարվի դրանց պատասխանել:

Ասուլիսի վերջում փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը իրեն թույլ տվեց բացահայտ վիրավորել Անահիտ Բախշյանի օգնական Մարգարիտ Հակոբյանին` վերջինիս անվանելով տգետ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---