Երևանում առաջին անգամ կանցկացվի Ամառային երաժշտական ռոք փառատոն

Երևանում առաջին անգամ կանցկացվի Ամառային երաժշտական ռոք փառատոն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին, 27-ին և 28-ին Ազատության հրապարակում առաջին անգամ կանցկացվի «Վիբրոգրաֆուս» ընկերության ու Երևանի քաղաքապետարանի կազմակերպած «Երևանի ամառային երաժշտական փառատոն 2011»-ը (Yerevan Summer Music Festival 2011):

«Մենք ուզում ենք` Երևանը դառնա երաժշտական քաղաք, անընդհատ երաժշտություն հնչի, փառատոնային քաղաք լինի: Մենք ավելի մասնագիտացած ենք ռոքի, ջազ-ռոք ուղղությունների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վիբրոգրաֆուս» ընկերության հիմնադիր Վարդան Գրիգորյանը` հավելելով, որ փառատոնին կմասնակցեն խմբեր Դանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաև Հայաստանից ռոք և ջազ-ռոք ոճի երաժշտություն ներկայացնող այն խմբերը, որոնք ունեն իրենց հատուկ ձեռագիրը և կատարողական պրոֆեսիոնալիզմ:

Վարդան Գրիգորյանը նշեց, որ հետագայում պլանավորում են փառատոնում ներառել նաև դասական երաժշտություն կատարող խմբեր, սակայն դրա համար դեռ պետք է որոշակի ճանապարհ անցնել, պետք է նախապատրաստել հանդիսատեսին նման երաժշտություն լսելու համար: Նա հրաժարվեց նշել` որքան է փառատոնի բյուջեն, սակայն ասաց, որ եթե փառատոնի կայացման համար հավելյալ գումար պետք լինի, սեփական տունն էլ կվաճառի:

«Հուսով եմ, որ տարեց տարի կավելանան փառատոնի օրերը, ավելի հայտնի խմբեր կսկսեն գալ», - ասաց «Դոգմա» խմբի հարվածային գործիքների վրա նվագող Դերիկը` հավելելով, որ այս փառատոնին մասնակցող խմբերը գուցե շատ հայտնի չեն, սակայն համագործակցել են համաշխարհային մեծության աստղերի հետ, և նրանցից սովորելու շատ բան կա: «Նրանք իրենց հետ բերում են պրոֆեսիոնալիզմ, սկսած նրանից, թե ինչպես են միացնում ու ստուգում գործիքները»:

Փառատոնի 3 օրերի ընթացքում ելույթ կունենան 12 խմբեր: Կազմակերպիչները խորհուրդ են տալիս ուրիշ ոչինչ չծրագրել, քանի որ «երաժշտական նման մեծ իրադարձություն տարին մեկ անգամ է լինելու»: Մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---