Հայաստանյան շուկան կրկին լի կլինի հայկական լոլիկով

Հայաստանյան շուկան կրկին լի կլինի հայկական լոլիկով

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փոխնախարար Ռոբերտ Մակարյանի և լրագրողների ուղեկցությամբ այսօր շրջել է Էջմիածնի տարածաշրջանում գտնվող Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիային պատկանող տնտեսությունում, որտեղ 5 հա հողատարածքի վրա հիմնվել է լոլիկի էլիտային սերմնադաշտ: Էլիտային սերմարտադրության մեջ ընդգրկված են մեծ պահանջարկ ունեցող լոլիկի հայկական չորս սորտեր` Հայաստանի հրաշք, Նոյ, Լիա, Երազ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նկատել է նախարարը, համագործակցելով «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» - ի հետ, նախարարությունն այս կերպ փորձում է խթանել հայկական սորտերի լոլիկի արտադրանքը:

«Վերջին ժամակներս հաճախակի ենք լսում, որ լոլիկը կորցրել է երբեմնի համն ու հոտը, նրա համային հատկանիշները չեն բավարարում սպառողին:Հաշվի առնելով այդ փաստը` մեր գիտական կենտրոնի հետ որոշեցինք զարկ տալ տեղական սորտերի սերմարտադրությանը», - նշել է Սերգո Կարապետյանը` հավելելով, որ ներկայիս 5 հա -ի փոխարեն նախատեսվում է այդ տարածքները զգալիորեն ավելացնել:Այժմ գյուղատնտեսության նախարարությունն այս ուղղությամբ համագործակցում է ֆերմերային խոշոր տնտեսությունների հետ:

«Մենք ցանկանում ենք զարգացնել ոչ միայն տեղական լոլիկի սերմարտադրությունն, այլև այլ բանջարաբոստանային կուլտուրաներինը ևս: Այստեղ աշխատում են լավ մասնագետներ, որոնք իրենց փորձն են փոխանցում երիտասարդ գիտնականներին», - նշել է Սերգո Կարապետյանը` հավելելով, որ տեղական սորտերն էկոլոգիապես ավելի մաքուր են և աչքի են ընկնում որակական բարձր հատկանիշներով: Խոսելով հաջողված այս փորձի մասին` նախարարը հաջողված է գնահատել նաև գյուղատնտեսության ոլորտում անցած 7 ամիսներին գրանցված արդյունքը` նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հուլիսին ունեցել ենք 32,4 տոկոսանոց աճ: Ինչ վերաբերում է կոնկրետ բանջարաբոստանային կուլտուրաներին, ապա նախորդ տարվա այս ժամանակաշրջանի 707 հազար տոննայի փոխարեն այս տարի արդեն հավաքվել է 750 – 760 հազար տոննա բերք, հաղորդում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---