2010-ին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները կրկնակի աճել են նախորդ տարվա համեմատ

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, օգոստոսի 24-ին Պեկինում հանդիպեց ՉԺՀ առևտրի նախարար Չեն Դեմինի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, կողմերը քննարկեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Արձանագրվեց, որ վերջին տարիներին նկատվում է կապերի աշխուժացում, և համատեղ քայլեր են ձեռնարկվում դրանք զարգացնելու ուղղությամբ: Գոհունակությամբ նշվեց, որ 2010 թվականին, նախորդ տարվա համեմատ, ապրանքաշրջանառության ծավալների կրկնակի աճ է արձանագրվել, ընդ որում թե արտահանման, թե ներմուծման առումով: Առկա է այդ ծավալները կրկնապատկելու, իսկ հետագայում` ավելի ընդլայնելու մեծ ներուժ:

Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի վերամշակող ձեռնարկությունների արտադրանքի` Չինաստան արտահանելու հետ կապված հարցերին: Չեն Դեմինը տեղեկացրեց, որ Չինաստանում պարբերաբար կազմակերպվում են առևտրային, տնտեսական և զբոսաշրջային ցուցահանդեսներ, որոնց նպատակը չինական շուկան արտասահմանյան ընկերություններին հասանելի դարձնելն է: Նախարարը նշեց, որ Չինաստանի հսկայական ներքին շուկան բաց է հայաստանյան ընկերությունների համար, և չինական կողմը պատրաստակամ է խթանել երկկողմ ապրանքաշրջանառությունը:

Երկուստեք կարևորվեց գործարար շրջանակները միավորող կազմակերպությունների միջև կապերի հաստատման խրախուսումը և գործարարների միջև կապերի ստեղծումը, ինչը նախադրյալներ կստեղծի շփումների ակտիվացման համար: Հեռանկարային համարվեց զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Դրան կնպաստի նաև օդային կանոնավոր հաղորդակցության հաստատումը, որի ուղղությամբ երկուստեք քայլեր են ձեռնարկվում:

Կողմերն ընդգծեցին համատեղ նախագծերի իրագործումը փոխգործակցության համար հեռանկարային մի շարք` էներգետիկայի, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման և հեռահաղորդակցության ոլորտներում: Չինաստանի առևտրի նախարարը պատրաստակամություն հայտնեց մասնագիտական քննարկումներ կազմակերպել` ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Կարևորվեց չինական փորձի ուսումնասիրումը, ինչպես նաև չինական կողմի մասնակցությունը Հայաստանում ձևավորվող ազատ տնտեսական գոտու զարգացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---