Բազում միջազգային մրցանակների դափնեկիր, հայաստանաբնակ դաշնակահար Հայկ Մելիքյանն սեպտեմբեր ամսից հրավիրված է համերգային շրջագայության եվրոպական չորս երկրներ` առաջին անգամ հնչեցնելու 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության մի շարք գործեր: Նրան է նաև վստահվել Ամստերդամի «Geelvinck Music Festival»-ի շրջանակներում հնչեցնելու իտալական բարոկ երաժշտություն` 1805թ. հնագույն դաշնամուրի վրա: Դաշնակահարի այս համերգաշարի ծրագրերը բառացիորեն մասշտաբային են, քանի որ ունեն քառադարյա դիապազոն` հասնելով մինչև մեր օրեր:
Ամստերդամին կհաջորդի Փարիզը (սեպտեմբերի 17-ին և 23-ին), ուր կկայանա երկու համերգ: Առաջին համերգը նվիրված է Ֆերենց Լիստի ծննդյան 200-ամյակին (որտեղ նաև կներկայացվեն հունգարական 20-րդ դարի հսկաները` Լիգետի, Կուրտագ, Բարտոկ և Կոդայ): Երկրորդ համերգում կհնչեն բացառապես կին կոմպոզիտորների ստեղծագործություններ` Գուբայդուլինա, Ուստվոլսկայա, Բլիս, Չին, Չթչյան, Վիրսալաձե և այլն: Համերգաշարը հետագայում կտեղափոխվի Անտվերպեն, Բելգիա և այնուհետև` Ժնև, Շվեյցարիա, ուր «Festival de Piano de Geneve» են հրավիրված` նվագելու լավագույն 50 դաշնակահարներ` ժամանած աշխարհի տարբեր անկյուններից:
Հայ-շվեյցարական «Ավետիս» մշակութային ասոցիացիայի հիմնադրման և դրա բացման պաշտոնական արարողության առիթով Հայկ Մելիքյանն իր համերգաշարի եզրափակիչ մենահամերգով կներկայանա Ժնևում, հոկտեմբերի 15-ին, «Palais de l'Athénée» համերգասրահում:
Դաշնակահարի եվրոպական շրջագայության ավատրին` նոյեմբեր ամսին, Հայաստանում կկայանա նրա մենահամերգը` նվիրված լեհական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը: Համերգը “1900+” համերգաշարի չորրորդ միջոցառումն է, որը կազմակերպվում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ: