30 օգոստոսի 2011 - 18:50 AMT
Ամրակայվել է Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցու որմնանկարը

Մասնակի վերականգնվել և ամրակայվել է Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցու որմնանկարը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Կայքում մասնավորապես նշված է, որ նախարարության հրավերով այս օրերին Հայաստանում էր գտնվում որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիսթինե Լամորեան Բելգիայից, ով ս.թ. օգոստոսի 20-24-ը աշխատանքներ է իրականացրել Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցում: Մաքրվել, ամրակայվել, վերականգնվել է Սբ Կարապետ եկեղեցու հյուսիսային խորանի որմնանկարը (ենթադրվում է XI դար), ամփոփված 124 սմ տրամագիծ ունեցող շրջագծի մեջ, ուր պատկերված է աստղազարդ երկնագույն երկինք՝ շրջապատված կենդանակերպ ու մարդակերպ պատկերներով, կենտրոնում՝ թևավոր հրեշտակ:

Որմնանկարի հետագա անխաթար պահպանությանն ուղղված աշխատանքներին մասնակցել են նաև վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը Իտալիայից և որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը Հայաստանից: Վերականգնման համար բոլոր անհրաժեշտ նյութերը Լամորեան իր հետ բերել էր Իտալիայից:

Որոտնավանքը (Վաղատնի վանք) գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա: Հիմնադրվել է 1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, Որոտնավանքի հնագույն` Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, վերակառուցել` հայր Ստեփանոս ճգնավորը: Եկեղեցին վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի: Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիս-արևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք: Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում:

1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք:

Որոտնավանքում գիտական և եկեղեցական բեղուն գործունեություն է ծավալել միջնադարի հայ մեծ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.), ով 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից տեղավոխվել էր Որոտնավանք: Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի միջև, հիմնադրելով Տաթևի համալսարանը: