30 օգոստոսի 2011 - 20:08 AMT
WikiLeaks. Գարեգին Բ-ն ժամանակին Օբամային է դիմել Վրաստանում կրոնական փոքրամասնությունների ճնշման հարցով

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում ԱՄՆ նախագահին կոչ է արել աջակցել Վրաստանի տարածքում կրոնական փոքրամասնությունների իրավունքների վերականգնմանը:

WikiLeaks կայքի հրապարակած` Կաթողիկոսի 2009թ. դեկտեմբերի նամակի համաձայն, նա Օբամայի ուշադրությունը հրավիրել է կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը. «Վերլուծելով Վրաց Ուղղափառ եկեղեցու վերջին 20 տարվա գործունեությունը` պարզ է դառնում, որ կրոնական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքը բոլորովին չի փոխվել ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Ավելին, Վրաց Ուղղափառ եկեղեցին էլ ավելի անհանդուրժող է դարձել»,- նշվում է նամակում:

Կաթողիկոսի խոսքով, Վրաստանում չլուծված են մնում կրոնական կարգավիճակի և եկեղեցիներին բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու հարցերը:

«Վրացական իշխանությունների անտարբերության ապացույցը Թբիլիսիում Սբ.Գևորգ եկեղեցու ավերումն է»,- նշում է Գարեգին Բ-ն:

Թբիլիսիում 13-րդ դարում կառուցված Սբ.Գևորգ եկեղեցին 2009թ. նոյեմբերին փլվեց: 2010թ. հունիսի կեսին Վրաստանի կառավարությունը մոտ $27 000 հատկացրեց հետախուզական երկրաբանական աշխատանքների անցկացմանը` եկեղեցու հետագա վերականգնման համար:

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 1-ին առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու են Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և Վրաստանի Բապտիստական եկեղեցին:

Հասարակական իրավունքով իրավաբանական անձը կազմակերպություն է, որն անկախ պետական հսկողությունից իրականացնում է քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային կամ այլ հասարակական գործունեություն: Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը վաղուց է գտնվում հայ-վրացական հարաբերությունների օրակարգում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի` Վրաստան կատարած հայրապետական այցի շրջանակում վրացական կողմն առաջարկել էր Վրաց Ուղղափառ եկեղեցուն Հայաստանում նույն իրավունքները շնորհել, ինչ ՀԱԵ-ին Վրաստանում: