Երևանում Հայաստանի ԱԳՆ կենտրոնական վարչակազմի և արտասահմանյան ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը: Իր ելույթում ԱԱԾ ղեկավարը անդրադարձավ երկրի անվտանգության ապահովման գործում ԱԳՆ-ԱԱԾ համագործակցությանը:
Հայաստան-Սփյուռք համագործակցության, համահայկական միջոցառումներին, տարբեր երկրներում հայ համայնքային կառույցների հետ աշխատանքին, հայագիտության և հայապահպանման բնագավառներում իրականացվող աշխատանքներին, Սփյուռքի նախարարության նախաձեռնություններին և ծրագրերին, ԱԳՆ և Սփյուռքի նախարարության միջև փոխգործակցությանն անդրադարձ եղավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթում և դրան հաջորդած քննարկումներում:
Դեսպանահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, նա խոսեց արտերկրի հետ մշակութային կապերի ամրապնդմանը և զարգացմանն ուղղված գործունեության, Երևանը՝ 2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով նախատեսվող միջոցառումների, հայկական տպագրության 500-ամյակի միջոցառումների կազմակերպման, մշակութային օրերի և շաբաթների կազմակերպման գործում ԱԳՆ-ի և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցության մասին:
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կազմակերպման պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն իր հերթին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները: