Թուրքիայի տարածքում քրիստոնեական եկեղեցիներին ունեցվածքը վերադարձնելու մասին անցյալ շաբաթ ընդունված դեկրետը չի երաշխավորում ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանումը: Այդ մասին իրենց ուղերձում հայտնել են Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչները. «Հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Անիի տաճարի ողբալի վիճակը թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության «ժխտման քաղաքականության» լուռ ապացույցն է»:
Համագումարի ներկայացուցիչները նշել են նաև, որ դեկրետի ընդունումը համընկել է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն ու Արձանագրությունների վավերացմանը նպաստելու` Թուրքիայի անընդունակության հետ. «Հուսով ենք, որ թուրքական իշխանությունների ընդունած դեկրետը բարերար Թուրքիայի իմիջ ստեղծելու հերթական փորձը չէ: Չնայած, որ դեկրետը դրական է ընդունվել հայ համայնքի կողմից, հասցված վնասը չափազանց մեծ է»:
Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկրետ է ստորագրել 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին:
Դեկրետի համաձայն, եկեղեցիներին հանձնվելու են նախկին հոսպիտալները, մանկատների շենքերը և դպրոցները: Պատմական գրությունների համաձայն ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից, որոնք գործում էին ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչև 1915-ը, այսօր գործում է շուրջ 50-ը:
Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱՄՆ ԱԳՆ-ին տրամադրվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումները, որտեղ կարող են ընդգրկվել 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որի հեղինակներն են Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը: