2 սեպտեմբերի 2011 - 14:04 AMT
Հայաստանը բանակցային գործընթացում հայտնվել է այնպիսի դիրքում, որ Ադրբեջանը թույլ է տալիս իրեն սպառնալ պատերազմով

Հայաստանը բանակցային գործընթացում այնպիսի պայմաններ է առաջադրել, որ Ադրբեջանը թույլ է տալիս իրեն սպառնալ պատերազմով: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» ընդդիմադի կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Միաժամանակ նա նշել է, որ եթե Ադրբեջանն ունենար այն հաղթաթղթերի թեկուզ 10 տոկոսը, որոնք ունի Հայաստանը ղարաբաղյան հարցում, ապա թույլ չէր տա, որ Հայաստանը կայանար միջազգային ասպարեզում: «Ինձ զարմացնում է, թե ինչու է Ադրբեջանը բանակցային գործընթացում հանդես գալիս որպես պահանջատեր, երբ նա պատասխանող կողմն է»,- ասել է նա և հավելել, որ եթե Ադրբեջանը լիներ Հայաստանի տեղում, ունենալով իրագործված ցեղասպանության մասին այդքան փաստաթղթեր և փաստեր, կստիպեր Հայաստանին փոխհատուցել ողջ վնասը:

Ալավերդյանը նշել է, որ ադրբեջանցիների ավագ սերնդի մեծամասնությունը չի գնա պատերազմ, քանի որ նրանք նույնպես լավ գիտեն, որ ազատագրված տարածքները չեն պատկանում Բաքվին: