2 սեպտեմբերի 2011 - 16:08 AMT
Շաքարյանը չի բացառում, որ Թուրքիան կրկին կընդգրկի Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգում

Թուրքական կառավարությունը հոկտեմբերի 9-ի` Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երկամյակի նախաշեմին կարող է կրկին իր խորհրդարանի օրակարգում ընդգրկել դրանք: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով, այդ ամսաթվի երկամյակը հարմար առիթ է հայկական իշխանությունների համար, որպեսզի հետ կանչեն իրենց ստորագրությունն Արձանագրությունների ներքո և դուրս գան այդ գործընթացից, և Թուրքիան կարող է նման քայլի դիմել` կանխելու համար հայկական կողմին այդ քայլը: Շաքարյանն ավելացրել է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ ծանրութեթև անի և միայն դրանից հետո նման քայլի գնա: «Չարժե ստորագրությունը հետ կանչել զուտ հետ կանչելու համար»,- նկատել է նա:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն իր հերթին ավելացրել է, որ եթե Հայաստանն առաջինը հետ կանչի իր ստորագրությունը, ապա նա Թուրքիայի հետ միասին գործընթացի ձախողման մեղավոր կճանաչվի: Նրա խոսքով, հիմա հենց Թուրքիան է միջազգային հանրության կողմից ճանաչվում գործընթացի ձախողման մեղավոր:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում: