2 սեպտեմբերի 2011 - 17:04 AMT
22 տ ժավելի սպիրտի արտահոսքի հետևանքով հասցվել է 1 մլն 39 հազար 800 դրամի վնաս

Լոռու մարզում` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրում (Լերմոնտովո գյուղի մոտ) շրջված ավտոցիստերնից ջրային ավազանը լցված 22 տոննա ժավելի սպիրտը հասցրել է 1 մլն 39 հազար 800 դրամի վնաս։ Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ փորձաքննությունն անցկացրել են ավագ պետական տեսուչներ Ղարագյոզյանը և Հարությունյանը։

Օգոստոսի 27-ին «Իվեկո» մակնիշի 40 Ա 42910 պետհամարանիշի ավտոցիստերնը շրջադարձ կատարելու ժամանակ շրջվել է, որի հետևանքով ավտոցիստերնի պարունակությունը`22 տ ժավելի սպիրտ, թափվել է ավտոճանապարհին և հարակից տարածքում, իսկ վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1959 թվականին ծնված Մուհամեդ Ալի Փառ Թաթուլան ստացել է դեմքի այրվածքներ և մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 2 հիվանդանոց: