Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններում հերթական լարվածությունն է առաջացել: Ինչպես հայտնում է «Հյուրիեթը», ավարտվել է «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակման փաստի հետաքննությունը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի այդ փաստի առնչությամբ նախապատրաստված զեկույցի վերաբերյալ և հայտարարել է Թուրքիայի կառավարության նոր որոշումների մասին: Ըստ նրա, Անկարան մինչև 2-րդ աստիճան է նվազեցնում իր դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և կասեցնում է այդ երկրի հետ բոլոր ռազմական համաձայնագրերի կատարումը: Դավութօղլուն նշել է, որ Իսրայելը հարձակվել է «Ազատության տորմիղի» վրա միջազգային ջրերում, սպանվել են քաղաքացիական անձիք: «Իսրայելը քաղաքացիական անձանց է սպանել խաղաղ պայմաններում, ոչ թե պատերազմի ժամանակ և պետք է պատժվի: Մենք 4 անգամ բանակցեցինք Իսրայելի հետ, սակայն, ցավոք, ապարադյուն: Ժամանակն է, որ Իսրայելը պատժվի: Եվ այդ պատիժը կլինի այն, որ Իսրայելը կզրկվի Թուրքիայի հետ համագործակցությունից»,-ասել է նա:
Դավութօղլուն հայտարարել է, որ մինչև 2-րդ աստիճան է նվազեցնում դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ: Կասեցվում են բոլոր ռազմական համաձայնագրերը: «Թուրքիան չի ճանաչում Իսրայելի կողմից Գազայի հանդեպ կիրառվող էմբարգոն»,-ասել է Դավութօղլուն: