Այսօր` սեպտեմբերի 3-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացան ռեկտորի ընտրությունները, որտեղ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն` Շահեն Շահինյանը 18 կողմ ձայներով և 1 անվավեր քվեաթերթիկով:
Մասնագիտությամբ ջութակահար Շահեն Շահինյանը, ով պրոֆեսորի կոչում է ստացել այս տարվա օգոստոսի 23-ին, իր զարգացման և բարեփոխումների հայեցակարգում նշեց 6 կետ, մասնավորապես ուսուցման որակի բարձրացում ըստ եվրոպական չափանիշների, կադրային ներուժի զարգացում, նյութատեխնիկական բազայի բարելավում, ֆինանսատնտեսական կառավարման բարելավվում, միջազգային կապերի զարգացում և ԲՈՒՀ-ում կոռուպցիայի ռիսկերի նվազեցում:
Ընտրություններին մասնակցում էին հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ (ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյան և այլն), լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ (կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան, կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իգոր Յավրյան և այլն), Պրոֆեսադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ և ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ:
Իր ելույթում մշակույթի նախարար Հ. Պողոսյանը նշեց, որ արդեն անցել է այն ժամանակը, երբ կոնսերվատորիաների ռեկտոր ընտրվում էին մեծ փորձով և հայտնի մարդու: Ըստ նրա, այսօր պետք է ծրագիր և այն իրականացնելու ունակություններ:
Ընտրող հանձնաժողովը բաղկացած էր 24 անդամից, որից 5-ը տարբեր պատճառներով ներկա չեն գտնվել ընտրություններին: